Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին
___________
Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Էջմիածին քաղաքում այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում ապաստան ստացած արցախցի ընտանիքներին։ Արցախից տեղահանված ընտանիքների Հայոց Եկեղեցին կացարան և ամբողջական խնամատարում է ապահովել նաև Ծաղկաձորում, Սաղմոսավանքում և Եղեգնաձորում գտնող թեմական այլ կառույցներում։
Արցախցիների հետ հանդիպումը սկսվեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանի խոսքով, ապա հայորդիներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձավ արցախցիների ոգու անպարտելիությանն ու քաջությանը՝ հակառակ այս պատերազմական օրերին կրած զրկանքների, տառապանքի ու ցավի։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց, որ արցախահայությունը ուժ գտնի իր մեջ և առ Աստված ապավինությամբ վերադառնա վերականգնելու Արցախը, իր աշխատանքով վերստին շենացնելու այն և նոր փառավոր էջեր արձանագրելու Արցախի պատմության մեջ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց՝ հայ ժողովուրդը չգիտի վհատվել, դժվարությունների առջև ծնկել․ դա մեր քրիստոնեական հավատքից, առ մեր Տերն ունեցած վստահությունից է բխում, և Տերը պիտի իր օրհնությունը հովանի դարձնի Հայաստանի և Արցախի վրա, որպեսզի դուրս գանք ստեղծված այս ծանր ու դժվարին իրավիճակից։
Նորին Սրբությունը շեշտեց, որ իբրև ժողովուրդ Աստծուց շնորհ ունենք ցավն ու տառապանքը ուժի վերածելու և այդ ուժով արարելու, վերաշինելու մեր կյանքը, արթուն պահելու մեր մեջ հայրենիքի շենության ու զորացման, մեր սերունդների ապագայի կերտման, մեր ժողովրդի հարատևության հետ առնչված տեսիլքները։
Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին, զորավոր՝ հավատքը՝ հավաստիացնելով, որ Հայոց Եկեղեցին և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը կարելի բոլոր միջոցներով ու հնարավորություններով զորավիգ ու օգնական է լինելու նրանց առկա մարտահրավերների հաղթահարման և Արցախի կյանքի վերաշինության գործում։ «Մենք հավատում ենք, որ պիտի կարողանանք մեր երազների հայրենիքը կերտել մեր քաջարի զավակների հավատքով ու աննկուն ոգով։ Այս ցավի, տրտմության ապրումները մենք վերածելու ենք ձեռքբերումների ու հաղթանակի ապրումների», - ասաց
Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հայոց Հովվապետը արցախցի ընտանիքների հետ զրուցեց նրանց սպասումներից և հետագա ծրագրերից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին
————————
Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց 2019-2020 ուստարվա «Հայոց Եկեղեցու պատմություն» (ՀԵՊ) առարկայի հանրապետական օլիմպիադայի՝ ՀՀ մարզերից և Արցախից ժամանած քսանմեկ դիպլոմակիրներին և մի խումբ ուսուցիչների։
Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն և ՀԵՊ հանրապետական առարկայական հանձնաժողովի նախագահ Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց օլիմպիադայի փուլային կազմակերպման ընթացքը և արձանագրված արդյունքները։ Հայր Զաքարիան ուրախությամբ նշեց, որ 16 տարիների ընթացքում «Հայոց Եկեղեցու պատմությունը» դարձել է աշակերտների սիրված առարկաներից և իր ուրույն տեղն ունի առարկայացանկում։
Այնուհետև պատանիներին իր հայրական օրհնությունը և շնորհավորանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ իր համար ուրախություն է տեսնել առարկայի հանդեպ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը, ինչի վկայությունը նաև տարեցտարի օլիմպիադաներում արձանագրվող արդյունքներն են։
Անդրադառնալով 16 տարիներ առաջ հայրենի իշխանությունների հետ համագործակցաբար հանրակրթական դպրոցում ներդրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առաքելությանը՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ նպատակն էր մատաղ սերնդին հաղորդ դարձնել Հայոց Եկեղեցու ծոցում ստեղծված ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին։ Շեշտվեց, որ առարկայի դասավանդումը հայագիտական մյուս առարկաների հետ նպաստում է ազգային ինքնության և նկարագրի ձևավորմանը։
Հայրապետը ընդգծեց, որ առարկայի միջոցով աշակերտներին հնարավորություն է տրվում ծանոթանալ ոչ միայն Հայոց Եկեղեցու պատմությանը և վարդապետությանը, այլև քրիստոնեական մյուս եկեղեցիներին ու տարբեր կրոններին, ինչն օգնում է հայորդիներին ճիշտ կերպով կառուցել իրենց հարաբերությունները բազմակրոն աշխարհի և տարբեր աշխարհայացքի տեր մարդկանց հետ։
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հորդորեց աշակերտներին լավ սովորել, շարունակ կրթել միտքն ու հոգին՝ իրենց գիտելիքներով, դավանած արժեքներով և հայրենասեր նկարագրով դառնալու ազգի արժանի զավակներ և նպաստելու հայրենիքի հզորացմանը, խաղաղ ու անվտանգ կյանքի կերտմանը։
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս ներկա մանկավարժների, նաև իր գնահատանքը փոխանցեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի բոլոր ուսուցիչներին ազգանվեր ծառայության համար՝ հավելելով, որ վերջին արցախյան պատերազմում զինապարտ հայորդյաց դրսևորած ոգին և սխրանքները նաև իրենց անտրտունջ, նվիրյալ աշխատանքի արդյունքն են։ Վեհափառ Հայրապետը արձանագրեց, որ 44-օրյա պատերազմն ավելիով ցույց տվեց կարևորությունը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի և հայագիտական մնացյալ առարկաների՝ սերունդների հայեցի դաստիարակության և ազգային դիմագծի կերտման գործում։
Առարկայի հետագա դասավանդման շուրջ արտահայտված մտահոգություններին ի պատասխան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուսաբանություններ տվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախորդիվ արտահայտած կեցվածքի և ԿԳՄՍ նախարարության կողմից վերջերս ներկայացված մոտեցումների ոչ ընդունելի նկատվելու վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ Կրթական հարցերով ենթախումբն առաջիկա օրերին վերստին Հայոց Եկեղեցու դիրքորոշումները կհանձնի կրթության պետական լիազոր մարմնի ուշադրությանը։ Այս առնչությամբ նշվեց նաև, որ խնդրին անդրադարձ է կատարվել նաև օրեր առաջ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։
Հանդիպման ավարտին օլիմպիադայի հաղթողները Վեհափառ Հայրապետից ստացան նվերներ, ապա ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթահամալիրում մեկնարկեց ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի կազմակերպած՝ սոցիալ-հոգեբանական աջակցությանը նվիրված եռօրյա դասընթացը՝ Արարատյան, Արմավիրի, Մասյացոտնի, Շիրակի, Գեղարքունյաց, Գուգարաց, Արթիկի, Կոտայքի, Տավուշի թեմերում և ՀՀ Զինված ուժերում իրենց հոգևոր ծառայությունը մատուցող քահանաների մասնակցությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց
«Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին
________________
Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին, որ կազմակերպվել էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (Շվեդիա), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի, «Վիեննայի ակումբ» քաղաքական և տնտեսական վերլուծության համաեվրոպական կենտրոնի և «ՊԱՆԱՊ» խաղաղության պաշտպանության դաշինքի (Սլովակիա) կողմից։
Համաժողովի համաատենապետներն էին Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն պրոֆ․, դոկտ․ Միխայիլ Պիատրովսկին և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դոկտ․ Աշոտ Գրիգորյանը։ Երկօրյա համաժողովի ընթացքում երկու տասնյակից ավելի զեկույցներով հանդես կգան արտերկրի և Հայաստանի նշանավոր գիտնականներ, հասարակական գործիչներ և եկեղեցականներ։
Համաժողովը բացվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով, որի ընթացքում Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպիչ հանձնախմբին, զեկուցողներին և մասնակիցներին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյան, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ,
Մեծահարգ ատենապետներ՝ տիարք Միխայիլ Պիոտրովսկի և Աշոտ Գրիգորյան,
Համաժողովի հարգարժան մասնակիցներ,
Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ողջույնն ենք բերում ձեզ բոլորիդ։
Այս համաժողովի գումարումը կարևոր և այժմեական է հատկապես ներկայիս, երբ ամիսներ առաջ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով նաև վնասվեցին հայկական եկեղեցական և մշակութային կոթողներ։ Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը, իր ազգային նկարագրով ու հոգևոր արժեքներով զորացած, կերտել է իր կյանքը հայրենի բնօրրանում, կառուցել սքանչելի տաճարներ, ստեղծել բացառիկ ձեռագրեր, արվեստի ու դպրության բարձրարժեք գործեր: Արցախ աշխարհի ժառանգությունը՝ որպես հայ մշակույթի անբաժանելի մաս, մեծապես հարստացրել է ինչպես հայոց, այնպես էլ համաշխարհային մշակութային գանձարանը իր յուրօրինակ մեծ ավանդով:
Այսօր, սակայն, Արցախի բազմադարյա ժառանգության ճակատագիրը պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված և Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում վերստին վտանգված է: Ցավոք պիտի արձանագրենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից պաշտոնական Բաքուն տարատեսակ խոչընդոտներով կասեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը` մասնագետներ առաքելու Արցախ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի գնահատման համար: Այս առթիվ Մայր Աթոռը, Հայաստանի և Արցախի պետական և հասարակական կազմակերպություններ դիմել են միջազգային պատկան կառույցների և պետությունների ղեկավարների, որպեսզի կարելին ձեռնարկվի, և ապահովվի մեր դարավոր ազգային և հոգևոր ժառանգության, մեր սրբավայրերի, մեր վանքերի ու եկեղեցիների, հազարավոր խաչքարերի պահպանությունը, և կանխարգելվի դրանց ոչնչացումը:
Հայության հետ առնչված ամեն ինչ ոչնչացնելու Ադրբեջանի մոլուցքը դրսևորվում է նաև մարդկային կյանքի հանդեպ դատապարտելի վերաբերմունքով։ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, հրաժարվում է գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ստանձնած պարտավորությունից՝ դիվերսանտներ հայտարարելով պատերազմից հետո գերեվարված զինվորներին, ովքեր ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունից անտեղյակ պատսպարվում էին անտառներում կամ իրենց դիրքերում։
Ադրբեջանական իշխանությունները, նկատելի է, որ ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում։ Նախիջևանի դարավոր հայկական գերեզմանի բազմաթիվ խաչքարերի իսպառ ոչնչացումը և դրա վերաբերյալ միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքը թերևս առիթ է ընծայել Ադրբեջանին կարծելու, որ մշակութային ցեղասպանությունը կարող է մնալ անպատիժ: Այս մասին է վկայում այն փաստը, որ վերջին պատերազմի ընթացքում երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, քանդվեցին Շուշիի Սբ. Հովհաննես (Կանաչ ժամ) եկեղեցու գմբեթները, ոչնչացվեցին Թալիշի հայկական հուշարձանները, Հադրութի շրջանի Առաքել գյուղի և Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանքի խաչքարերը և այլն: Այս ամենից զատ նաև վտանգավոր միտում է նկատվում Ադրբեջանի կողմից խեղաթյուրելու հազարամյակների հայկական հոգևոր մշակույթի, մասնավորաբար Արցախի տարածքում եկեղեցական կառույցների պատկանելիության պատմական փաստերը: Այդ նենգ նպատակի համար նաև գործի են դրվում պատմական հիմնավորում չունեցող, գիտական շղարշի տակ ներկայացվող թեզեր, որոնք հայկական եկեղեցիները, սրբավայրերը դիտարկում են որպես կովկասյան աղվանական ծագում ունեցող կառույցներ։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը սեփականացնելու նոր քաղաքականություն է իրագործվում, որի դրսևորումներին ականատես ենք վերջին շրջանում։
Այս առումով այսօր հրամայական է գիտական անկողմնակալ մոտեցում ցուցաբերել ադրբեջանական զավթողական ու պատմության կեղծման քաղաքականության դեմ: Գնահատելի է, որ սույն համաժողովին ներկա պատվարժան մասնակիցներդ, քաջատեղյակ լինելով պատմությանը, ձեր խոսքով պիտի միջազգային հանրությանը առավել հասու դարձնեք Արցախի և տարածաշրջանի քրիստոնեական ժառանգությանը, դրա պատկանելիությանը, ինչպես նաև պահպանության կարևորությանն ու անհրաժեշտությանը։
Վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներիդ՝ մաղթում ենք ամենքիդ քաջառողջություն, հաջողություններ ձեր գովարժան գործունեության մեջ և բարի ընթացք համաժողովի աշխատանքներին։































