Ուշադրություն📢
📌 Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները 2020թ. հոկտեմբերի 10-ին օրվա առաջին կեսին, խախտելով 09.10.2020թ. ՌԴ Մոսկվա քաղաքում ձեռք բերված 10.10.2020թ. ժամը 12:00-ից հումանիտար զինադադարի վերաբերյալ պայմանները և 1949թ. օգոստոսի 12-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը, ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող թվով 5 քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ հրկիզել են քաղաքացիական անձանց տներ և այլ շինություններ՝ այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերի գույք:
📌Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված՝ ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 416-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
📌Նախաքննությունը շարունակվում է:
Ուշադրություն📢
✅2021թ. հունվարի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի բնակիչ Ա. Մ.-ն, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ դռան կողպեքը մեխանիկական ներգործությամբ ջարդելու եղանակով ապօրինի մուտք է գործել նույն գյուղի բնակչուհի Նաիրա Ռաֆայելի Մկրտումյանին պատկանող առանձնատուն, որտեղից գաղտնի հափշտակել է ինչպես նրա, այնպես էլ նույն առանձնատանն ի պահ թողնված Կուսապատ գյուղի բնակչուհի Անյուտա Արտավազդի Խաչատրյանին պատկանող տարբեր տեսակի ապրանքներ, վերջիններիս պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:
✅Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
✅Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ուշադրություն📢
✅ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազությունում ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սկսված պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ մնացած տարածքներից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքի համաձայն՝ բնակչության տարահանում չկատարելու և դրա արդյունքում քաղաքացիական անձանց մահ առաջանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
✅Քրեական գործի շրջանակներում իրականացվում են բազմածավալ դատավարական և քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
✅Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԱՀ ՔԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հաստատված հրամանի համաձայն, սույն թվականի փետրվարի 26-ին ԱՀ քննչական կոմիտեի ծառայողների շրջանում կազմակերպվեց և անցկացվեց հրաձգության գործնական պարապմունք։
Հրաձգության գործնական վարժության արդյունքներով ԱՀ քննչական կոմիտեի ծառայողները արձանագրեցին բարձր ցուցանիշներ։
ԱՀ քննչական կոմիտեի յուրաքանչյուր ծառայող, մանավանդ վերջին Արցախյան պատերազմից հետո գիտակցում և ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում ընդհանուր պատրաստականության, այդ թվում հրաձգության կատարելագործմանը միտված պարապմունքներին։





















